Կողմ եմ քվեարկելու Արման Թաթոյանին. Նիկոլ Փաշինյան
Tert.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, իշխանության թեկնածու Արման Թաթոյանին, ում համարում է ժողովրդի լեզվով ասած՝ «իշխանության մարդ»: Պատճառն այն է, որ համոզվել է, որ պետք է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին վերաբերել ոչ թե կանխավարկածային անվստահությամբ, այլ կանխավարկածային վստահությամբ, եթե դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկան:
Այս մասին ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը,թեպետ վերջինիս թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է մտածում ՄԻՊ առաջադրված թեկնածուի մասին:
«Այսօր մենք ունենք ՄԻՊ մեկ թեկնածու՝ ի դեմս Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, և մեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի՝ կողմ քվեարկի նրա թեկնածությանը, թե դեմ: Ի՞նչ եմ մտածում ՄԻՊ առաջադրված թեկնածուի մասին:Միանշանակ է, որ նա իշխանությունների, իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն է:Նրան առաջադրել է Հանրապետական մեծամասնությունը, նա աշխատում է Արդարադատության նախարարությունում և նրան կարելի է համարել, ժողովրդի լեզվով ասած, իշխանության մարդը»,-ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ առաջին հայացքից է թվում, որ վերը նշվածը պետք է կանխորոշեր իր քվեարկությունը: Այսինքն՝ իր աներկբա դեմ լինելը, բայց կա ՄԻՊ-ին վերաբերող վիճակագրություն, որն իրեն ստիպում է վերանայել իր կանխորոշված քվեարկությունը:
Այսինքն, երբ երեք նախորդ ՄԻՊ-երը կոտրել էին այն կանխավարկածը, որ իշխանության «մարդն են»՝ հանդես գալով «մարտի մեկի» և այլ հնչեղ հարցերի շուրջ համարձակ զեկույցներով և կարողացան հերքել իշխանության դրածոյի, խամաճիկի կանխավարկածը:
«Եվ ես ուզում եմ մտածել, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը կայացման որոշակի ճանապարհ է անցել և ձևավորվել է մի ինստիտուտ, որը կարողանում է իր կարգավիճակի բերումով որոշակի պահվածք, իմիջ պարտադրել Մարդու իրավունքների պաշտպանին»,-ավելացրեց նա:
