Կրակի տակ 200 մետր գնացել է՝ ընկած ընկերոջը բերելու համար
Ապրիլի 30-ի գիշերը Թալիշում ծանր վիրավորվել է 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Նա տեսել է՝ ինչպես ընկերներից Վազգեն Հարությունյանը ընկավ և 200 մետր կրակի տակ առաջ է գնացել՝ ընկերոջը դիրքեր բերելու համար: Ցավոք, այդ պահին ինքն էլ ծանր վիրավորվել է. այս մասին Իրավաբան.net-ին պատմեց նրա քույրը՝ Ինգա Գասպարյանը: Քրոջ խոսքով՝ Սարգիսի հերոսական քայլի մասին պատմել է սահմանապահ ընկերներից Սասուն Սահակյանը, ով էլ փրկել է իր եղբոր կյանքը: «Երբ Սարգիսը գնացել է Վազգենին փրկելու, նա դեռ ողջ է եղել: Սարգիսը մի տղայի հետ միասին Վազգենին տարել են դեպի շտապօգնության մեքենան: Ցավոք, Վազգենը վիրավորված է եղել կոկորդից…»: Դրանից հետո, երբ Սարգիսը վերադառնալիս է եղել դիրքեր, գնդակը նրա ոտքին է դիպել, այնուհետև վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել են: «Ինչպես պատմում է նրան փրկած Սասունը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում»,- պատմեց Սարգիսի քույրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ iravaban.net
