Կրակոցներ եւ դանակահարություն Աջափնյակ համայնքում
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ժամեր առաջ Շիրազի փողոցում գազային ատրճանակից հնչել են կրակոցներ, որի արդյունքում ճշտվող տեղեկությունների համաձայն տուժողներից մեկին տեղափոխել են «ԱՐՄԵՆԻԱ» Հանրապետական Բժշկական կենտրոն: Տեղեկությունը ճշտելու եւ այլ մանրամասներ պարզելու համար, Fnews.am-ը փորձեց մեկանաբանություն ստանալ Շտապօգնության՝ «1-03» ծառայությունից, որտեղից սկզբում մեզ փոխանցեցին, որ Շիրազի փողոցից նմանատիպ ահազանգ են ստացել՝ չմանրամասնելով թե կոնկրետ ինչ ահազանգի մասին է խոսքը գնում, որից հետո լսափողը վերցրեց մի ուրիշ աշխատակից եւ փոխանցեց, որ իրենք որեւէ տեղեկություն տրամադրել չեն կարող, եւ որ իրենց աշխատակիցը առանց իմանալու պարզապես պատասխանել է հեռախոսազանգերին:
Լուրի իսկությունը պարզելու համար փորձեցինք կապ հաաստատել նաեւ «ԱՐՄԵՆԻԱ» Հանրապետական բժշկական կենտրոնի հետ, որտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ վերը նշված հասցեից երկու ժամ առաջ դանակահարության դեպք է գրանցվել, իսկ երբ փորձեցինք ճշտել վիրավորի անձի իսկությունն ու դեպքի մանրամասները, լսափողը վերցրեց տեղում աշխատող քննիչն ու արձագանքեց. «Դուք արդեն խանգարում եք, մենք հիմա աշխատում ենք»:
Այս պահի դրությամբ դեռևս բացահայտված չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և ովքեր են միջադեպի մասնակիցները: Իսկ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում շարունակում են իրականացնել օպերատիվ գործողություններ:
Նոնա Ադամյան
