Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ինքնասպանության վարկածը հերքվեց
1in.am-ը գրում է .
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի ինքնասպանության վարկածը դատական նիստում հերքվում է: Դիակը զննած փորձագետը վստահեցնում է՝ մահը վրա է հասել կախվելու հետևանքով, ճմլման ակոսը եղել է հետմահու, ինչն ապացուցում է, որ կուրսանտն ինքնուրույն կախվել չէր կարող: Դատաբժշկական փորձագետը պատրաստ է ստորագրել իր ասածների տակ:
Գնել Թևոսյանի պաշտպանը փորձագետի եզրակացության հետ համամիտ չէ, կարծում է՝ Վիգեն Ադամյանը պետք է հաշվի առներ դեպքի վայրի զննության արձանագրությունը: Ի պատասխան՝ դատաբժշկական փորձագետը հայտարարում է՝ եզրակացություն անելու համար հիմնվել է բացառապես փորձաքննության վրա: Երբ կուրսանտին կախել են, փայտացման նշաններ չեն եղել, բերանը բաց է եղել, պարանի օղակը սեղմել է, լեզուն դուրս է հրվել, ապա օղակը սեղմել է, ու լեզուն սեղմված է մնացել ատամների արանքում:
Մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտատարում է՝ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը օբյեկտիվ չէ, պահանջելու է դատաբժշկական կրկնակի փորձաքննություն:
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, լրագրողների հետ զրույցում դատաբժշկի փաստերի հիման վրա հայտարարում է՝ հենց Գնելն է խեղդել, դրա համար էլ նրա պաշտպանը փորձում է առաջ տանել ինքնասպանության վարկածը:
