Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանը
Հունվարի 28-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի` գիտությունը և գիտական հանրությունը կորցրեցին համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով համադրում էր կենսաբանական և բժշկական գիտությունները, ինչպես նաև հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր և պարզապես լավ ու կամեցող մարդու: Այս մասին հայտնում են ՄԿԻ աշխատակազմից:
Գիտական գործունեության ընթացքում Աննա Սուրենի Բոյաջյանը 1996-2003թթ.-ին դասավանդել և համատեղ աշխատանքներ է իրականացրել Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում (Գերմանիա), Թագավորական քոլեջում (Մեծ Բրիտանիա), Մաքս Պլանկի հոգեբանության ինստիտուտում (Գերմանիա), Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտում (Գերմանիա), Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում (ԱՄՆ), Էստոնիայի Կենսաբանության կենտրոնում, Ռուսաստանի Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա, ՌԴ): Աննա Բոյաջյանը առաջին հայ գիտնականն էր, ով 2014թ.-ին մրցութային հիմունքներով դարձել է գիտական խմբի ղեկավար Կեմերովոյի տեխնոլոգիաների ինստիտուտում:
