ԿԸՀ-ն արձագանքել է Սուրեն Պապիկյանի ելույթին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:
Հիշեցնենք, որ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում անդրադարձել էր լուրերին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում աշխատել «Այո»-ի օգտի:
Նախարարն ընդգծել էր, որ նման բան տեղի չի ունենում.
«Սակայն, եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել»: Նա հավելել էր՝ ՀՀ քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։
Նախարարի հայտարարությանը «Ոչ»-ի ճամբարից արձագանքել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
