Լարվածության առաջացման վրա ազդում են թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային զարգացումները. Սերյան Օհանյան
Որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող վիճակին:
Նախարարը նշեց, որ վերջին օրերին հակառակորդը նաև խոշոր տրամաչափերի ականանետներից է կրակում։ «Իհարկե, կրակոցները ստույգ և ճշգրիտ չեն եղել, սակայն իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից՝ թե ԼՂՀ տարածքում, թե մեր սահմաններում վերահսկվում է»,-ասաց նա:
«Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ հայկական բանակը իր առաջ դրված խնդիրը մեր իսկ ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ լարվածության առաջացման վրա ազդում են տարբեր՝ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային զարգացումներ, որոնք կան՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ մեր հակառակորդի մոտ ներքաղաքական կամ ներտնտեսական որոշակի պայմաններից ելնելով։
