Լարված ու արտակարգ իրավիճակ` Երևան-Վանաձոր ճանապարհին
Այսօր` նոյեմբերի 4-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագած, Ծիլքար և Սպիտակի ոլորաններում ընկած ճանապարհահատվածում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում երթևեկել: Կան նաև ավտոմեքենաներ, որոնց անվադողերը ամառային են, մինչդեռ քանի օր է, Ճանապարհային ոստիկանությունը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը զանգվածային լրատվամիջոցներով հորդորում է վարորդներին, որպեսզի անվադողերը փոխեն ձմեռայինի: Տևական ժամանակ է` պատկան մարմիններից, մասնավորապես, ճանշինականներից ոչ ոք չկա, և միայն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգից հետո ճանշինականները խոստացել են ժամանել նշված վայր:
