Լեռնապատ համայնքը նորակառույց ամբուլատորիա ունի
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչների բժշկական օգնությունն այսուհետ կկազմակերպվի նորակառույց ամբուլատորիայում: Արդիականացված և հիմնանորոգված ամբուլատորիայի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, ոլորտի այլ պատասխանատուներ:
«Նոր ամբուլատորիան ամբողջովին նոր շինություն է` հագեցած նորագույն սարքավորումներով: Այսօր մենք նաև որոշ քանակությամբ հումանիտար դեղորայքով ենք ապահովել, ինչպես նաև տեղում ծանոթացել ՀՀ կառավարության կողմից երաշխավորված և հաջողությամբ իրականացվող ծրագրերին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ամբուլատորիան կառուցվել է 2013-2014թթ. խնայողությունների հաշվին:
Նրա տեղեկացմամբ` 2014 թվականին տնտեսված միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կառուցվելու է ևս 5 համայնքային ամբուլատորիա, որոնց թվում է նաև Լոռու մարզի Ուռուտ գյուղի ամբուլատորիան:
Բուժանձնակազմի հետ զրույցում Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմամբ, պատվաստումների ծածկույթի ապահովմամբ և անվճար հատկացվող դեղերի ապահովվածությամբ:
Նախարարն անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին:
Արմեն Մուրադյանը կարևորեց դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում:
Առողջապահության նախարարը զրուցեց Լեռնապատի բնակիչների հետ` վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության առողջությունը պահպանելու ուղղությամբ:
Նախարարության կողմից ամբուլատորիային փոխանցվեցին մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և բժշկական պարագաներ:
