Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա ոչ մի «չեզոք» տարածք, կա «ոչ մեկի հող». Ջեյմս Ուորլիք
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա ոչ մի «չեզոք» տարածք, կա «ոչ մեկի հող», որը բաժանում է ռազմական ուժերը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Որպեսզի ավելի հստակ լինի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա ոչ մի «չեզոք» տարածք: Բայց կա «ոչ մեկի հող», որը բաժանում է ռազմական ուժերը»,- գրել է նա:
«Ոչ մեկի հող» տերմինն օգտագործվում է՝ նկարագրելու երկու հակառակորդ բանակների առաջնային գծերի կամ խրամատների միջև ընկած վիճելի տարածքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) դարձյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են չեզոք գոտու ականապատ տարածքում:
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակն աղետի վայրի մերձակայքում և օժանդակել տարածքի ականազերծմանը»,-ասվել է հայտարարության մեջ:
Նշվել է, որ 2010թ.-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված Աստրախանի հայտարարության ոգուն հավատարիմ մնալով՝ համանախագահներն Ադրբեջանին հորդորում են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝ ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար:
