Լիտվական լուսանկարչության ցուցադրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Երեւանում, հոկտեմբերի 2-30-ը, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա լիտվական լուսանկարչության «Սերունդների երկխոսություն. առօրյա կյանք» խորագրով ցուցադրությունը: Ցուցահանդեսը տեսողական մի ակնարկ է լիտվական առօրյա կյանքի մասին: Այն վերջին կես դարում ի հայտ բերեց մշտապես փոփոխվող բազում հարցեր, ուղղություններ եւ դիրքորոշումներ: Այդ ժամանակահատվածում ձեւավորվել է լուսանկարիչների երեք սերունդ` իրենց ուրույն թեմաներով ու ոճով: Նրանք մշտապես անդրադարձել են իրենց ժամանակի ամենակարեւոր հարցերին, դիմել են առօրյա կյանքի տարբեր կողմերին, խոսել իրենց հատուկ վիզուալ լեզվով: Քաղաքական իրադարձությունները, գաղափարախոսություններն ու տնտեսական իրավիճակը նույնպես մեծ ազդեցություն են թողել. մարդկանց առօրյա կյանքն ու սովորությունները զգալի փոփոխությունների են ենթարկվել, փոխվել են նաեւ գեղարվեստական արտահայտման միջոցները: Չնայած այս ամենին, լուսանկարիչների ուշադրության կենտրոնում միշտ եղել են մարդիկ եւ նրանց շրջապատը: Ցուցահանդեսի նպատակն է` ներկայացնել տարբեր ժամանակների լուսանկարիչների պատկերած առօրյա կյանքը: Յուրաքանչյուր արվեստագետ գտնում է իր ուրույն տեսակետը եւ արտահայտում այն իրեն բնորոշ ոճով: