Լոռու մարզում աղմկահարույց սպանության գործով 42-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում...
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 16 շենքի բնակիչ, 42-ամյա Արմեն Սերյոժի Կախյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, Նվեր Անտոնի Քոչինյանին սպանելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կախյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ նրան հայտնաբերեն, կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին` տեղափոխելու են Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել էին Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան:
Մանրամասն` shamshyan.com
