Լրագրողի հայրական տունը՝ երկրորդ տարին կալանքի տակ. առաջին ատյանի դատարանով հայցը մերժվել է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մարտի 12-ին կայացրած վճռով ամբողջությամբ մերժել է լրագրող Ադրինե Թորոսյանի դեմ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի հայցը՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Տնօրենը, դատարան ներկայացնելով լրագրողի հրապարակումները, պահանջում էր պարտավորեցնել նրան նույն լրատվական միջոցներով, որոնցում հեղինակվել էին Ադրինե Թորոսյանի աշխատանքները, հրապարակայնորեն հերքել, իր կարծիքով, իրեն զրպարտող արտահայտությունները և ներողություն խնդրել իրենից: Նաև փոխհատուցում էր պահանջում լրագրողից՝ 3 մլն ՀՀ դրամ:
Նրա պահանջած 3 մլն դրամ հայցագնի չափով դատարանի որոշմամբ արդեն երկրորդ տարին արգելանքի տակ էր լրագրողի հայրական տունը:
Սակայն Դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած յուրաքանչյուր ապացույց, իրավական վերլուծությունների արդյունքում եկավ հետևության, որ լրագրողի կողմից կատարված հրապարակումները չեն կարող դիտվել զրպարտություն կամ վիրավորանք՝ ուղղված հայցվորի դեմ, և որ լրագրողն ընդամենը իր մասնագիտական աշխատանքն է կատարել՝ տեղեկություններ հաղորդելով հանրությանը:
Լրագրողի դեմ ներկայացված հայցը դատարանը մերժել է ամբողջությամբ: Հայցի մերժման պայմաններում լրագրող Ադրինե Թորոսյանին 3 մլն ՀՀ դրամի պահանջ ներկայացրած դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն ինքը պետք է իր պահանջած գումարի համար 60 հազար ՀՀ դրամ վճարի պետական բյուջե (գույքային պահանջով նախապես չվճարած 3 մլն դրամի 2% պետտուրքը):
Կայացված վճռով Դատարանն, այսպիսով, պաշտպանել է խոսքի ազատության հիմնարար իրավունքը՝ մասնավորապես մատնանշելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից…», ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:
Սույն գործով լրագրողի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Լուսանկարներում փաստաբան Տիգրան Աթանեսյանը և դատավոր Վարդուհի Հովնանյանն են:
