Լրագրողն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի. դատավարությունն՝ առաջիկա օրերին
Առաջիկայում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործով դատավարությունը։ Լրագրողը պահանջում է պարտավորեցնել Սաֆարյանին՝ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանք հասցնելու համար, ինչպես նաև, տրամադրել փոխհատուցում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, այն վարույթ է ընդունել 2019 թվականի նոյեմբերի 28-ին, որով առաջին դատական նիստը նշանակված է այս տարվա մարտի 6-ին։
Նշենք, որ հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ։ Երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել վերջինիս խմբագրություն՝ հարցազրույցի, նա պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան