Լսե՛ք, սա պետարազմ է, իսկ մենք լռում ենք
Սահմանային միջադեպերի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցի հետ:
Պարոն Գրիգորյանց, վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ վիճակ է: Ինչով եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը եւ ի՞նչ վտանգ եք տեսանում այս ամենում:
Սա սովորական դարձած երեւույթ է, սովորական դարձած հրաձգություն: Դա շարունակվում է ամեն տարի, շարունակական կերպով եւ հազարավոր անգամներ խախտվում է հրադադարը: Եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մենք հայերիս շատ հզոր պատասխան չտանք թշնամուն, ցույց չտանք մեր ուժը, որովհետեւ չի կարելի թշնամու հետ մեղմ խոսել, թե լավ էլի, մի՛ արա այդպես: Ո՛չ, հարկավոր է ուժ ցույց տալ, եթե մի անգամ կրակեց, մենք պետք է տասը անգամ լավ զարկենք ու կանգնենք, զարկենք ու կանգնենք, որ իմանան, որ հայերը կատակել չեն պատրաստվում, զգուշացնում են:Մենք չպետք է վախենանք՝ քաղաքական, ռազմական առումներով: Կապ չունի, հզոր ապտակ է պետք հասցնել: Առավել եւս կրակոցներն ակտիվացել են Տավուշի մարզում: Սա անկախ, ճանաչված պետություն է: Ղարաբաղը չէ: Ադրբեջանի անկախ հանրապետությունը կրակ է բացում Հայաստանի անկախ Հանրապետության ուղղությամբ: Սա ի՞նչ բան է: Սա շատ վտանգավոր երեւույթ է: Այստեղ պետական մակարդակով պետք է հնչեցնել բողոքի նոտա: Երկրի ղեկավարը պետք է անհապաղ եւ վճռական հանդես գա հայտարարությամբ, դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը: Այս հարցում այսպիսի մոտեցում է պետք ցուցաբերել, պետք է կիրառել հետեւյալ գործիքները՝ դիվանագիտություն եւ պետական մակարդակով բողոքի նոտա:
Ես եթե լինեի երկրի ղեկավարի փոխարեն, ես պաշտոնապես եւ անհապաղ հանդես կգայի հայտարարությամբ, կհրավիրեի համապատասխան մարմինների ուշադրությունը, Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ քննարկում կհրավիրեի: Պետք է դատապարտել եւ ձեռնարկել կտրուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ նախագահ Ալիեւին միջազգային ռազմական տրիբունալին հանձնելը: Նրան պետք է դատել, որովհետեւ ագրեսոր է : Իսկ դուք ի՞նչ եք մտածում, այդպես է պետք անել: Ադրբեջանի ժողովուրդը եւս պետք է վերանայի իր նախագահի տեղն ու դերը, որովհետեւ Ալիեւը ադրբեջանցի զինվորներին էլ զոհաբերում է: Այո, ես անկեղծ եմ ասում, արդեն թոշակառու եմ, գեներալ լեյտենանտ, ճիշտն եմ ասում, ինձ չեն նստեցնի (ծիծաղում է):
Իսկ ինչու՞ չի արվում Ձեր կարծիքով:
Ես չգիտեմ՝ ինչու չի արվում: Դուք նախագահ եք ընտրել, իսկ նա չի անում, ինչու՞ չի անում, պահանջե՛ք: Սա ղարաբաղյան պատերազմը չէ: Եթե Ղարաբաղի ուղղությամբ արձակվեին կրակոցներ, դա դեռ հասկանալի է, մենք գիտենք դա ինչ է, բայց երբ քո երկրի վրա են հարձակվում... Կներեք, բայց դա արդեն լրիվ այլ հարց է: Սա պետական շատ կարեւոր հարց է, պետության անվտանգության հարցն է: Հայաստանը պետք է հայտարարի Ադրբեջանի կողմից իրավունքների կոպտագույն խախտման մասին, որ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայի հետ միասին մեկուսացման մեջ են վերցրել Հայաստանին, այլ նաեւ կրակահերթեր են տեղի ունենում:
Ուզում եք ասել մեր պասիվությունից հակառակորդը օգտվու՞մ է եւ ավելի՞ է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում:
Իհարկե: Պետք չէ ոչնչից վախենալ: Աշխարհում մեռնել կա: Ու՞մից, ինչի՞ց վախենալ: Դա քո իրավունքն է, ինչի՞ց ես վախենում: Հիմա փորձիր ԱՄՆ-ի վրա հրթիռ արձակել: Ի՞նչ կկատարվի քո հետ: Կոչնչացնեն: Վերջերս Հյուսիսային Կորեան եւ Հարավայի Կորեան միմյանց ուղղությամբ կրակ բացեցին: Թվում էր՝ ուր որ է պատերազմ կսկսվի, հազիվ փոխհամաձայնության եկան: Լսե՛ք, սա պետարազմ է, իսկ մենք լռում ենք: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ: Հետո՞ ինչ: Երկրի ղեկավարը պետք է խոսի: Նա գերագույն գլխավոր հրամանատարն է: Արտաքին գործերի նախարարը պետք է աշխատի՝ բողոքի նոտա հղելով:
Հիմա իրենք ուրիշ անելիք ունեն, ուրիշ գործով են զբաղված: Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել, պարոն Գրիգորյանց: Թերեւս ժամանակ չկա այս հարցերով զբաղվելու:
Ի՞նչ ուրիշ գործ, երբ որ ձեր վրա թշնամին կրակում է, անկախ պետության վրա է կրակում: Ինչպե՞ս թե ուրիշ գործ: Ուրիշ ի՞նչ գործ կա: Ես սա ձեզ ասում եմ որպես պետական անձ, պետական գործիչ. երբ մենք ստեղծեցինք բանակը, ես մասնակցել եմ բանակի կազմավորմանը, մարդկանց մահվան գնով, առաջին անգամ հողեր ենք ազատագրել, մեր պատմական տարածքները, գիտական հենքի վրա ստեղծեցինք կանոնավոր զինված ոժեր, եւ այդ բանակը պաշտպանեց մեզ, ջախջախեց 7 միլիոնանոց պետությանը եւ մենք ազատագրեցինք այդ ամենը, իսկ հիմա մենք ընդհանրապես չունենք վախենալու բան, որովհետեւ հիմա մենք շատ ավելի լավ ենք զինված, քան այն ժամանակ: Մեր մարտական ոգին եւս բարձր է, որովհետեւ մենքպաշտպանվող կողմն ենք, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, իսկ նա ագրեսոր է:
մանրամասն՝ այստեղ:
