ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում հարյուրավոր վարձկաններ․ ՌԴ արտաքին հետախուզության պետ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են սկսել ակտիվորեն տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններ։ Այս մասին հայտնել է ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Խոսքը մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպությունների, ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների մասին է։ Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք նոր Ղարաբաղյան պատերազմում փող վաստակելու հույս ունեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանում տագնապով են ընդունում Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիան։
«Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է։ Մենք անտարբեր չենք, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվում են մեր երկու բարեկամ ազգերի՝ հայերի և ադրբեջանցիների ներկայացուցիչներ։
Շփման գծում բախումներ նախկինում էլ են եղել։ Իրավիճակի ներկայիս սրումը մեծ մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Առաջին անգամ Ադրբեջանի կողմից բաց և միանշանակ հանդես է եկել Թուրքիան։ Բացի այդ, Ղարաբաղում զինված դիմակայությունը մագնիսի նման իրեն է ձգում միջազգային տարբեր ահաբեկչական կառույցների գրոհայինների։
Մենք չենք կասկածում, որ միջազգային հանրության հետ համատեղ աշխատանքի դեպքում հակամարտության կողմերը վերջիվերջո կդադարեցնեն ուժի կիրառումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Մեզ, սակայն, չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանակից պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստան»,- ասված է հայտարարության մեջ։
