«ԼՂ հարցով վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները». Վ. Պուտին
ՈՒղիղ եթեր-ի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց ուղղվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, թե ինչ հեռանկարներ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս հարցին Վ. Պուտինն ասաց, որ սա «զգայուն թեմա է և պետք է այդ հարցին զգույշ վերաբերվենք՝ չվնասելու սկզբունքից ելնելով»:
Նրա պնդմամբ. «հին հակամարտություն է, որը սառեցված չէ, ցավոք, եղավ բռնության աճ: Կանենք ամեն ինչ, որ հակամարտությունը կարգավորվի»,- ասաց ՌԴ նախագահը՝ նշելով, որ դա երկու կողմի համար էլ ընդունելի որոշում պետք է լինի:
«Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ գտնի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը: Ինչ էլ որ չասեն, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը ցանկանում է լիարժեք կերպով աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության հարցի լուծումը պետք է կայացվի քաղաքական որոշումների հիման վրա՝ փոխզիջումներով: Պուտինը նշեց, որ իրեն թվում էր, թե մի քանի տարի առաջ իրենք մոտ էին ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց. «Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները»,- հայտարարեց ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ են ապրում և ինքը գիտի մեծ թվով հայերի և ադրբեջանցիների, որոնք «լավ հարաբերություններ են պահպանում» Ռուսաստանում:
