ԼՂ հարցը ԵԽԽՎ-ում չի քննարկվի որպես հրատապ հարց
Քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստը, որտեղ որոշվել է չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ որպես հրատապ հարց:
Հիշեցնենք, որ բյուրոյի օրակարգում ներառված է ԼՂ թեմայով միանգամից երեք հարց: Ապրիլի 7-ին ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոքեն ներկայացրել էր առաջարկ, որպեսզի գարնանային նստաշրջանում հրատապ անցկացվեն քննարկումներ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով:
Ապրիլի 12-ին արդեն Ադրբեջանի պատվիրակությունն է նման առաջարկ ներկայացրել` փոխելով առաջարկվող բանավեճի թեման` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը»:
Հայկական պատվիրակությունն իր առաջարկը ներկայացրել է ապրիլի 13-ին` քննարկումների թեման վերնագրելով «Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրականացված ագրեսիայի ժամանակ»:
Ի դեպ, սա չի նշանակում, թե ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր չեն բարձրացվի քննարկումների ընթացքում:
Որպես հրատապ հարց քննարկվելու է Պանամյան փաստաթղթերի հարցը:
