«ԼՂ-ն պետք է ստանա անկախություն՝ կոմպրոմիսային ճանապարհով». Արման Նավասարդյան
Խաղաղապահների տեղակայման հարցի վերաբերյալ չունեմ միանշանակ ո՛չ դրական, ո՛չ բացասական կարծիք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտությանը:
«Իմ կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ միանշանակ դժվար է պատասխանել խաղաղապահների վերաբերյալ հարցին, քանի որ տարբեր երկրներում տարբեր կերպ է դրսևորվում նրանց գործունեությունը»,-ասել է նա և նշել, որ չի կարող ասել, թե նրանց տեղակայումը միանշանակ կլուծի անվտանգության հարցը:
«Նախ դա կախված է նրանից, թե ինչ կազմ, ինչ երկրներ ներկայացված կլինեն։ Ես չեմ պատկերացնում, որ դա կարող է օգուտ բերել, եթե այնտեղ Թուրքիան լինի»,-ասել է Արման Նավասարդյանը և նշել, որ եթե այլ կերպ լուծվեր հարցը, ավելի լավ կլիներ:
«Ես կարծում եմ, որ Ղարաբաղը պետք է ստանա անկախություն, և դա պետք է կոմպրոմիսային ճանապարհով լինի, բայց թե ինչպես կլինի, դժվարանում եմ ասել»,-ասել է նա:
