ԼՂՀ բանակը լռեցրել է հակառակորդի նախահարձակ գործողությունները. ԼՂՀ ՊԲ
Հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդթվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետեւանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը եւ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:
