ԼՂՀ նախագահն ընդունել է Հայ օգնության միության համահայկական պատգամավորական ժողովի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարություն ը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման եւ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում: Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:
