ԼՂՀ տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի ժողովուրդների փոխվստահության վրա. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտը։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ է անում Մինսկի խումբը Ադրբեջանում ատելության սերմանումը կանխելու ուղղությամբ:
«Մեզ մտահոգում է վստահության բացակայությունը երկու կողմերում էլ։ Այդ անվստահությունը խոչընդոտում է կարգավորման գործընթացը։ Վստահության վերականգնումը մեկ գիշերվա մեջ չի լինի, դա երկարատեւ գործընթաց է: Եվ եթե մենք ձգտում ենք տեւական կարգավորման, դա չի կարող լինել միայն փաստաթղթերով։ Այն պետք է հիմնված լինի երկու ժողովուրդների փոխադարձ վստահության վրա»,–ասաց Ուորլիքը։
