Մահացած զինծառայողների ծնողներին արդեն 2 ամիս չեն տրամադրում փորձաքննության արդյունքները
Բանակում մահացած զինծառայողների ծնողները դեռ չեն ստացել մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ ոստիկանների կողմից բռնության հետեւանքով ստացած վնասվածքների դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
«Անտեղի ձգձգում են, իհարկե չեմ էլ հավատում, որ մի օր դատաբժշկական փորձաքննության արդյունքнերը կլինեն, կամ էլ որեւէ ոստիկան պատասխանատվության կենթարկվի»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։
Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկացրել դեպքի վերաբերյալ։ Նշանակվել է ծառայողական քննություն։
