Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի քննչականի պետի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված գրությունը: Գրությամբ Գլխավորին դատախազին տեղեկացվել է, որ քրեական գործերը դատախազությունից դատախազություն են տեղափոխվել, որի արդյունքում մոտ 10 օր խախտվել է դատավարական ժամկետը, և քննիչը չի կարողացել գործողություններ իրականացնել:
