«Մանանա Գրեյն»-ի գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք
«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակության գործով ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Լ.Սիմոնյանը, բողոքում ինքը միջնորդում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014թ. հուլիսի 16-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014թ. նոյեմբերի 28-ի որոշումը:
Պաշտպանը միջնորդում է Աշոտ Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելը, մեղադրանքում ճանաչել անմեղ և նրան արդարացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, կարճել նրա մասով գործի վարույթը և Աշոտ Առուշանյանին անհապաղ ազատել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:
Նշենք, որ գործը երկու դատաքննություն է անցել, երկրորդ դատաքննության արդյունքում էլ կայացվել էր մեղադրական դատավճիռ. Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 5 տարի 6 ամսվա ազատազրկման:
Պաշտպանը գտնում է, որ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ և 22-րդ հոդվածի պահանջները, թույլ է տվել քրեական օրենքի և միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում` սխալ մեկնաբանելով քրեական օրենքն ու միջազգային պայմանագիրը: Դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:
Ըստ Լ.Սիմոնյանի, դատավճիռը օրինական և հիմնավորված չէ, այն հիմնված է ենթադրությունների վրա: Դատավճռում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին:
Իսկ Վերաքննիչ քրեական դատարանն էլ, ըստ պաշտպանական կողմի, դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից՝ ամրագրելով՝ «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, մեղադրողի միջնորդության և դիրքորոշման հիման վրա, մեկ անգամ ևս վերլուծության ենթարկելով Արտաշես Գալուստյանի կողմից 20.06.2012թ. տրված ցուցմունքը, նրա ու Աշոտ Առուշանյանի առերեսման արձանագրությունը Դատարանի կողմից որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու օրինականության ու հիմնավորվածության հարցը, եկավ համոզման, որ դրանք անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դատարանի հետևությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի պահանջներից, անհիմն են նաև դրանք անթույլատրելի համարելու և օրենքի կոպիտ խախտմամբ ձեռք բերելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները, քանի որ մատնանշված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105, 106 հոդվածների համաձայն` չեն համարվում այնպիսի էական խախտումներ, որոնք հիմք կհանդիսանային դրանք անթույլատրելի ճանաչելու համար:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
