Մանկահասակ երեխային շահագործելու մեջ մեղադրվող ամբաստանյալին դատարանը կալանքից ազատեց
Փաստինֆոն գրում է. Դատարանն այսօր վերացրեց մոր կողմից իր 6 ամսական երեխային աշխատանքային շահագործման հանձնելու գործով ամբաստանյալ Լուսիկի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը: Վերջինիս նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվեց ընդհանուր հսկողության հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:
Ամբաստանյալ Լուսիկը դատարանին խնդրեց թույլ տալ տուն գնալ՝ Ամանորը դստեր հետ անցկացնելու:
Նախորդ դատական նիստին չներկայացած ամբաստանյալ Լուսինեն էլ դատարանին հայտնեց, որ ունցել է հարգելի պատճառ. Եղբայրն էր մահացել։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէին ներկայացել պաշտպանները, ուստի՝ նրանց բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին:
Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն և Լուսիկը 2011 թվականի սեպտեմբերին ծնված Լուսինեի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Լուսինեն ու Լուսիկն օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն:
Երեխայի մորը և Լուսիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը:
