Մանկական սրճարանում փուչիկների պայթյունի և 3 երեխաների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել
1in.am-ը գրում է.Երևանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունի գործով Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների կապակցությամբ): Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 19-ին «Չաո բամբինո» մանկական սրճարանում ծննդյան արարողության ժամանակ: Երեխաները գազով լցված փուչիկներով մոտեցել էին տորթին, որի հրավառությունից պայթյուն էր առաջացել, և երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել ու հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել:
Քրեական գործ հարուցվել է հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա: Սրճարանի տնօրինությունն էլ գոհ է, որ գործ է հարուցվել, քանի որ կողմնակից են, որ իրենց փուչիկներ մատակարարողները պատժվեն դրանք ոչ ճիշտ գազով լիցքավորելու համար:
Հիշեցնենք, որ դեպքից հետո մանկական սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, թե իրենց փուչիկներ է մատակարարում «Փուչիկների աշխարհ» ՍՊԸ-ն, որը լիցենզավորված ընկերություն է և մասնագիտացած է այդ գործում, բայց իրենք փուչիկները ստանալուց հետո չեն կարող ստուգել, թե ինչով են դրանք լիցքավորված: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ ոչ մի լիցենզավորված ընկերություն էլ չկա: Փուչիկները սրճարանին մատակարարում է Արթուր Կտեյան անունով մասնավոր ձեռներեցը, որը դրանք լիցքավորել է իր ավտոտնակում, այն էլ ոչ թե հելիումով, այլ սովորական այրվող գազով:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
