Մանկապղծության մեջ մեղադրվող հոգևորականը կամավո՞ր է գնացել մահվան (տեսանյութ)
Ֆրանսիական leprogres.fr կայքում հրապարակված հոդվածը մեծ արձագանք գտավ նաև մեր հասարակության մեջ. եթե այս տեղեկությունները հրապարակվեին հայկական մամուլի էջերում միգուցե այլ լիներ մոտեցումը. մեր խոսափող կարգված հոգևորականներն անշուշտ կելնեին պայքարի, գուցե թե չանդրադառնալով այն դառը իրականությանը, որ իրենց մեծ մասն անցել է սեռական քաղցով տառապող ավագ սերնդի ձեռքի տակով:
Նրանցից մեկը՝ Կոմիտաս վարդապետը, որի հարցի շուրջ տված գնահատականները խոսում են նրա մտավոր մակարդակի ու գրագիտության մասին, մոռանալով իր անցած անփառունակ ուղին, այսօր դասեր է տալիս. գաղտնիք չէ, որ թե՛ նա, թե՛ նրա սերնդակիցները քաջ ծանոթ են մեր հոգևորականների շրջանում սեռային բռնությունների, մանկապղծության մասին առավել սարսափելի փաստերի, քան Երուսաղեմի միաբանությունում եղածն է:
Եկեղեցու ապականված բարքերի մասին հայ երիտասարդի 2013 թվին. ներկայացված բողոքը Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների և բռնաբարության մեջ, մեկն է այն բազում դեպքերից, որոնցից քաջատեղյակ էին թե՛ Երուսաղեմում , թե՛ Մայր Աթոռում։ Կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է 1990 թ.-ին.
Տուժողը, որ լիբանանցի է, անապահով ընտանիքի զավակ է, այդ ժամանակ եղել է անչափահաս՝ 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի նկատմամբ և տևական ժամանակ ենթարկվել է այլ սեռային բռնությունների: Իսկ թե Հայաստանից ու մեր մյուս գաղթօջախներից Երուսաղեմ ուսանելու տարվող 11-13 տարեկան տղաներից քանիսն են նույն այդ պատճառով հարկադված փախել եկեղեցուց, կամ հանդուրժել ու լռելով՝ այսօր հոգևոր դասի բարձրաստիճաններից են, շատերը՝ այդ թվում և հայր Կոմիտասը, քաջ գիտեն: Այս հարցի շուրջ եկեղեցու ջայլամի քաղաքականությունը տեղին չէ. կուսակրոնների մեծ մասն անցել է այս ճանապարհով: Իսկ այսօր փորձելով լղոզել իրականությունը, և ներկայիս պաշտոնավարող բարձրաստիճանների սեռական ոտնձգությունները պարտակել, նշանակում է, որ հայ եկեղեցին չունի կամք ու քաջություն՝ մաքրելու իր ախոռները: Դատարկախոսելով տան կեղտն ընդամենը մի անկյունից մյուսն է տանում:
Հայր Կոմիտասի արձագանքն ի պատասխան լրագրողի հարցի առնվազն զարմանալի է. «Ես նրան մարդ չեմ կարող կոչել, որը այս, կամ այն հոգևորականների անվան հետ է խաղում: Ինձ համար սա էլ գրանտակերի մի ուրիշ կերպար է, որովհետև հիմա, չգիտես ինչու, դավաճաններին կոչում են գրանտակերներ: Այդ տղան տարիներ շարունակ վանքում է մնացել և դուրս գալուց հետո ինչ-ինչ անորոշ ուղղությունների դրդմամբ նմանատիպ հայտարարություններ է անում»:
Իսկապես հետաքրքիր է տղայի խնդիրը բացահատելու շարժառիթը, միգուցե իրոք նա ցանկացել է, որ հայ եկեղեցին մաքրվի մանկապիղծներից, միգուցե այլ պատճառ ունի, բայց որ հայր Կոմիտասը չի կարող ժխտել փաստը, երևում է նրա կցկտուր ու անկապ պատասխաններից. «Ներողություն, ես այնքան համոզված եմ խոսում, որքան համոզված մեղադրում եք: Դուք համոզվա՞ծ եք նրանում, որ իրականությունը դա է: Ամբողջ հարցը որտե՞ղ է, առ այսօր այդ տղան ինչո՞ւ ձայն չի հանել, նա ուսանող եղած ժամանակ ինչո՞ւ է լռել: Նույնիսկ եթե իրեն ինչ-որ ոտնձգություններ են կատարել, ինչո՞ւ վաղուց չի բարձրաձայնել: Եվ հիմա, երբ արդեն վանքից դուրս է եկել, և իրեն հնարավորություն են տվել ինչ-ինչ բաների, ինքը մեղադրում է մարդկանց: Որքանո՞վ կարող է ապացուցել երևույթը»:
Տղան այլևս չի կարող ապացուցել, բայց չի բացառվում, որ նույն վայրում կղերականների կողմից բռնության ենթարկված այլ տղաներ խոսեն այդ մասին: Ավելին, կան տեղեկություններ, որ 81- ամյա Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը զգալով, որ հասել է պատասխան տալու ժամը (Decines տարեցների տանը, որտեղ նա ապրում էր վերջին շրջանում), դիտավորյալ չի ընդունել իր ամենօրյա դեղերը, կամավոր գնալով մահվան: Արդյոք սա ինքնասպանություն է, այս հարցը պարզելու մասով Առաքելական եկեղեցին առանձնապես հոգ չի տարել, Դավիթ սրբազանին հուղարկավորելով եկեղացական կանոնների համաձայն՝ ինչն, ի դեպ, արգելում է եկեղեցական կանոնադրությունը: Դժվար չէ կռահել, որ հոգևորականի կամավոր մահվան մասին, որը հավասար է ինքնասպանության, գիտեին նրա մերձավոր շրջապատում, ու չնայած աղմուկին, հոգևորականի վերջին օծումը կատարվել է Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում, թեմի առաջնորդի ձեռամբ:
Տեղեկացնենք, որ երբ տուժողը որոշել է խոսել, 2013 թ. հուլիսի 22-ին բողոք է ներկայացվել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ. վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990 թ., Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ որպես լուսարարապետ պաշտոնավարել է բարձրաստիճան կղերականը: Տուժողը, որ այդ ժամանակ եղել է անչափահաս, 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին և ենթարկվել է այլ սեռական բռնությունների: 2015 թ. հունվարի 22-ին Դավիթ արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք և հարուցվել քրեական գործ: 2016 թ․ փետրվարի 22-ին ամբաստանյալ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին ներկայացվել է մեղադրական եզրակացություն, գործն ուղարկվել է քրեական դատարան` մինչև 15 տարեկան անչափահաս երեխայի հանդեպ իշխանություն բանեցնելով և անօգնական վիճակը շահագործելով՝ սեքսուալ ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով: Առաջիկայում սպասվում էր դատավորի որոշումը դատաքննությունն սկսելու վերաբերյալ, սակայն բարձրաստիճան կղերականի մահը կանխարգելեց սկանդալի հանրայնացումը: Սակայն տուժողը, որի անունը Հրայր է, որոշել է խոսել այս մասին, ինչը, ինչպես նշում է Հրայրի պաշտպան փաստաբան Բուվիե Մը-Լե-Բերը, պայմանավորված է այն հանգամանքով, որ հետագայում նմանատիպ դեպքերը կանխվեն ժամանակին: Տուժող Հրայրը, որը ծնունդով Լիբանանից է, 13 տարեկանում, 1990թ., ուղարկվել է Երուսաղեմի Հայկական գիշերօթիկ վարժարանում ուսանելու իր անապահով ընտանիքից փրկվելու և ինչու չէ, պատերազմից պատսպարվելու նպատակով: Հրայրը մեղադրել է նաև երկու այլ բարձրաստիճան եկեղեցականների՝ Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների, մինչեւ իր 19 տարեկան դառնալը: Միայն 2009-ին է երիտասարդը կարողացել հոգեվերականգնողական բուժումից հետո վերադառնալ նորմալ կյանք և 2012-ին սկսել է ուսանել հոգեբանություն Թել Ավիվի համալսարանում: Սակայն ամբողջ այս ժամանակահատվածում նա միշտ ցանկություն է ունեցել բարձրաձայնելու այն, ինչի միջով անցել է»:
