Մանկավարժականի հաշվապահը յուրացված գումարներն օգտագործել է ծնողների բուժման նպատակով
Խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» հաշվապահ Լիանա Մկրտչյանն այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի։ Դատարանը դատավճռով սահմանել է նույնքան ժամկետով փորձաշրջան, իսկ նրա գույքի վրա դրված կալանքը վերացվեց:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր Լիանա Մկրտչյանի պաշտպան Գրիգոր Քալաշյանը դատարանին միջնորդեց մեղմ պատիժ սահմանել, իսկ պատիժը պայմանականորեն չկիրառել: Պաշտպանը նաև նշեց, որ իր պաշտպանյալի ծնողները հիվանդ են եղել, գումարի կարիք է ունեցել, ուստի դիմել է այդ քայլին։
Պաշտպանը նաեւ հույս հայտնեց, որ իր պաշտպանյալն ամբողջ կյանքում կհիշի այս դատական գործը և այլև նման քայլի չի գնա:
Փաստինֆոն գրում է. Ամբաստանյալն իր վերջին խոսքում ամբողջովին ընդունեց առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ զղջում է կատարվածի համար։ Մեղադրյալը եւս նշեց, որ այդ քայլին գնացել է տնտեսական ծանր վիճակում գտնվելու պատճառով. գումարն էլ իր վրա չի ծախսել, այլ ծնողների բուժման նպատակով:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Լ. Մկրտչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Ըստ մեղադրանքի, Լիանա Մկրտչյանն իր տրամադրության տակ ունենալով 26.10.2011թ. աշխատանքից ազատված Ռ.Միրզոյանի աշխատավարձի բանկային քարտը, 2011թ. նոյեմբեր ամսից մինչև 2013թ. դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ռ.Միրզոյանի տվյալները նշել է համալսարանի քարտային հաշիվների համալրման հանձնարարագրերում, ինչի հետևանքով վերջինիս հաշվեհամարին որպես աշխատավարձ պարբերաբար փոխանցվել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 8.180.000 ՀՀ դրամ, որն էլ տարբեր բանկոմատներից կանխիկացնելով յուրացման եղանակով՝ հափշտակել է:
Լ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
