Մանվել Գրիգորյանը դատապարտում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը
Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից խորին վշտակցություն, տարակուսանք եւ զայրույթ եմ հայտնում Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ սպանդի փաստի կապակցությամբ:
Երկրապահական եռասերունդ ընտանիքը, ինչպես եւ ամբողջ երկրապահ հայ ժողովուրդը վրդովված է: Վստահ եմ՝ ոճրագործության փաստը, որին զոհ գնաց անմեղ մի ողջ ընտանիք, դատապարտում են աշխարհի բոլոր քաղաքակիրթ մարդիկ՝ անկախ ազգային պատկանելությունից:
Երկրապահի հորդորն ու պահանջն է, որ ոճրագործության բոլոր մանրամասները բացահայտվեն եւ խստագույն ու արդար պատիժ ստանան այս սպանդի մեղավորը կամ մեղավորները:
Համբերություն եմ մաղթում անմեղ զոհերի հարազատներին, ողջ հայ ազգին: Մեր ժողովուրդը շատ է դժբախտություններ տեսել, դժվարին ճակատագիր է ունեցել, բայց միշտ էլ տոկուն է գտնվել, միշտ էլ կարողացել է դիմակայել ցանկացած մարտահրավերի եւ ամուր մնալ: Կարծում եմ՝ Արարչին կհասնեն հայ ազգի, աշխարհի բոլոր բարի մարդկանց աղոթքներն ու առողջ կմնա ընտանիքի՝ հրաշքով փրկված մանկիկը:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան
