Մարտի 1-ի գործով երեք նախագահներն էլ պետք է հարցաքննվեն
1in.am-ը գրում է.Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների հարազատների գործը կքննվի առանձին վարույթներով նոր դատախազների և քննիչների կողմից, յուրաքանչյուր զոհի համար հատկացվելու է մեկ դատախազ և մեկ քննիչ:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ինչը հերքել էր Գևորգ Կոստանյանը: Հնարավո՞ր է՝ այսպիսով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հակադարձում է Աղվան Հովսեփյանին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Աղվան Հովսեփյանի՝ Մարտի 1-ի բացահայտված լինելու հետ կապված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի, դա բոլորի համար ակնհայտ է: Մարտի 1-ի դեպքերը, նրա խոսքով, մինչև օրս ընդհանրապես չեն քննվել, չեն բացահայտվել, քննությունն իրականացվեց քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար, սարքվեցին գործեր զանգվածային անկարգությունների վերաբերյալ, ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար և այլն:
«Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ ինքը ցանկություն ունենալու պարագայում էլ կկարողանա դա անել: Կոստանյանը ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող արդյունքի հասնել»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով Գևորգ Կոստանյանի այս նախաձեռնությանը:
Ըստ փաստաբանի՝ սա քննություն չէր, սա քաղաքական պատվեր էր ուղղակի քաղաքական հակառակորդներին տևական ժամանակ ազատությունից զրկելու համար, ինչով էլ զբաղված էր Աղվան Հովսեփյանը: Փաստաբանը չբացառեց, որ Մարտի 1-ի խնդիրը բարձրաձայնվեց գուցե անձնական խնդիրներով պայմանավորված. «Ցավոք, ես չեմ հավատում, որ այսօր որևէ գլխավոր դատախազ ի վիճակի է բացահայտելու Մարտի 1-ը»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
