Մայր Աթոռում կատարվեց կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջափակում կառուցվող մոմավառության մատուռի եւ կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյանների (ԱՄՆ) հովանավորությամբ կառուցվող մոմավառության մատուռի ճարտարապետներն են Ասլան Մխիթարյանը, Հայկ Մկրտչյանը եւ Արտավազդ Նազարեթյանը: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» կազմակերպությունը:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռում գումարված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի առիթով ժամանած եպիսկոպոսաց դասը, Մայր Աթոռի բարերարներ, ՀՀ Քաղաքաշինության նախարար, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ այլ հրավիրյալներ:
Հիմնօրհնեքի արարողության ավարտին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց կառույցի հիմքերում անփոփվելիք հիշատակարանը:
Այնուհետեւ այս առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ-ն: «Այս պահին մեր հոգին ցնծում է ուրախությամբ: Աստծո օրհնությամբ եւ աղոթակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի, եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության, բարերարների եւ հավատավոր ժողովրդի կատարվեց մոմավառության մատուռի եւ կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքը, ուր հավատավոր մեր զավակունք պիտի գան իրենց մոմերը վառելու եւ իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու ազգիս, Հայրենիքի համար: …Իրենց աղոթքը պիտի բարձրանա նաեւ մեր 131 Հայրապետների համար, որոնց իմաստուն առաջնորդությամբ մեր ժողովուրդը դիմագրավել է բոլոր դժվարությունները եւ ապրում է ազատ երկնքի ներքո` կրկին պայքարելով իր ազգային գոյության պահպանության համար», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
