Մեկ շաբաթից կմեկնարկի «Վերնիսաժ»-ի գործով դատավարությունը
Փաստինֆոն գրում է. Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կկայանա «Վերնիսաժ»-ի գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք՝ մայիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Վերնիսաժի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ:
Ավելի ուշ պարզվեց, որ կրակողը եղել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ 28-ամյա Գոռ Առաքելյանը, իսկ հրազենային վնասվածքներ ստացածները՝ նրա հետ վիճաբանած Վալերի Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը և պատահական անցորդներ Միասնիկ հայրապետյանը, Ալվինա Բադալյանը և Մնացական Սուքիասյանը: Վերջինները քրեական գործով ճանաչվել են տուժող, իսկ Գոռ Առաքելյանին, Վալերի Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել:
Նրանց շահերը դատարանում պաշտպանելու են փաստաբաններ Երեմ Սարգսյանը, Արայիկ Ալվանդյանն ու Վարդուհի Էլբակյանը:
Նշենք, որ ըստ դատարան ներկայացված մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող, գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ, որոնց գործադրմամբ՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերի Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Միասնիկ Հայրապետյանին և , միջին ծանրության վնաս՝ Ալվինա Բադալյանին։
Վալերի Հովհաննիսյանին ու Ներսես Մելքոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
