Մեկ շենք և մեկ բնակարան` Քննչական կոմիտեին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեին հանձնվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 52/2 հասցեում գտնվող 73,854.5 հազ. դրամ սկզբնական արժեքով 393,58 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,870.0 հազ. դրամ սկզբնական արժեքով 0,06 հա հողամասը:
Ինչպես նշեց որոշման նախագիծը ներկայացնող, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանը, տվյալ տարածքում պետք է տեղակայվի Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը Քննչական կոմիտեին հանձնեց ոստիկանության հաշվեկշռում գտնվող Երևանի Արաբկիր համայնքի Ադոնցի փողոց 8/2 շենքում գտնվող բնակարանը` 36.83 քմ. մակերեսով, 9.815.195 ՀՀ դրամ արժեքով: Ինչպես նշված է որոշման նախագծում, բնակարանն անհատույց օգտագործման է հանձնվելու Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վարդգես Աթոյանին:
Որոշման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ ոստիկանությունում դեռևս 2013 թվականի նոյեմբերից սկսվել էր բնակարանի կարիք ունեցող ոստիկանության ծառայողներին հաշվառելու և նրանց ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացը, երբ նախաքննական գործառույթներ իրականացնող քննչական ծառայությունը դեռևս ՀՀ ոստիկանության մաս էր կազմում:
Այդ որոշման ընդունման պահից հիշյալ բնակարանը հատկացվել էր Վարդգես Աթոյանին` որպես ոստիկանության բազմամյա աշխատակցի:
