Մեկնարկում է «Հավասար հնարավորություններ» խորագրով 11-րդ մրցույթը
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը եւ «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, մամուլ, ռադիո, ֆոտոպատմություն, մուլտիմեդիա եւ էլեկտրոնային) ամենամյա «Արեւածաղիկ» 11-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թ. նոյեմբերի 20-ից 2013թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Սահմանված են` • գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար, • 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա-, ռադիոհաղորդման, մուլտիմեդիա եւ ֆիլմ, ինչպես նաեւ տպագիր նյութի համար • հատուկ մրցանակ, • խրախուսական մրցանակներ: Մրցանակներ են սահմանել նաեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ «Կովկասյան ցանց` երեխաների համար» նախաձեռնությունը: Վերջինս ստեղծվել է Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) աջակցությամբ: Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 1 աշխատանք: Մրցույթին չեն կարող մասնակցել նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակներ շահած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին): Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին, մինչեւ 2013թ. նոյեմբերի 21-ը, ժամը 16:00, «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ Կորյունի 19ա, 2-րդ հարկ: Արդյունքները կամփոփվեն, եւ հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2013 թ. դեկտեմբերին: Մանրամասների համար դիմել` Զարուհի Բաթոյանին. հեռ.` (010) 560143, էլ. փոստ` [email protected]