Մելանյա Թրամփը Թաջ Մահալ այցելության ժամանակ կրել է «հին հնդկական տեքստիլից» պատրաստված գոտի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը Հնդկաստան կատարած այցի շրջանակում այցել են ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենահայտնի կառույցներից մեկը համարվող Թաջ Մահալ տաճար, հաղորդում է People ամսագիրը:
Շահ Ջահանի կնոջը՝ Մումթազ Մահալին նվիրված տաճար են այցելել նաև Թրամփի ավագ դուստրը և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները:
Թաջ Մահալ այցելության համար ԱՄՆ առաջին տիկինն ընտրել է սպիտակ հանդերձ՝ մարմարյա կառույցի արտաքին տեսքին համապատասխան: Մելանյա Թրամփը կոմբինեզոնի վրայից կրել է «հին հնդկական տեքստիլից» գոտի, որը սազել է ամուսնու դեղին փողկապի հետ:
Պարբերականները գրում են, որ սովորաբար մռայլ Մելանյան հիանալի տրամադրություն է ունեցել, նույնիսկ թույլ է տվել ամուսնուն բռնել իր ձեռքը:
Թաջ Մահալը համարվում է մողոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշ, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր: 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թաջ Մահալը ճանաչել է համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այն կոչելով «մուսուլմանական արվեստի մարգարիտ Հնդկաստանում, ժառանգության համընդհանուր ճանաչում ունեցող գլուխգործոցներից մեկը, որով հիանում են ամբողջ աշխարհում»:
Ամեն տարի Թաջ Մահալ է այցելում շուրջ 7-8 մլն մարդ։

