«Մենակ դու էիր պակաս, այ շառ»․ Գոհարը զայրույթից «հափշտակել է» նախկին ընկերոջ նոր ընկերուհու հեռախոսը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այս տարվա առաջին աշխատանքային օրը հրապարակվեց այս տարվա առաջին արդարացման դատավճիռը:
25-ամյա Գոհար Ե.-ն, ով մեղադրվում էր ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով, արդարացվեց ու անպարտ ճանաչվեց:
Դատական քննության ժամանակ ամբաստանյալ Գոհարն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Համլետ Ս.-ին ճանաչում է 2012 թվականից՝ միասին աշխատել են նույն տաքսի ծառայությունում: Իր և Համլետի միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ, որոշ ժամանակ Համլետը նույնիսկ բնակվել է իր տանը:
Համլետը հաճախ իրենից պարտքով գումարներ է ուզել, ինքը չի մերժել նրան: Տարբեր անձանցից, բանկերից ու գրավատներից գումարներ է վերցրել ու տրամադրել է Համլետին: Նա խոստացել է վճարել բանկերի ու գրավատների ամսական տոկոսները, բայց չի վճարել:
Ի վերջո, Համլետն իրեն պարտք է մնացել շուրջ 10 հազար դոլար:
Համլետի կյանքում ոմն Լարիսայի գոյության մասին ինքն իմացել է 2014 թվականի հունվարին, երբ Համլետի բջջային հեռախոսի մեջ տեսել է Լարիսայի ու Համլետի հաղորդագրությունները:
Համլետն ասել է, թե Լարիսան իր ծանոթն է ընդամենը:
Դրանից հետո Գոհարի ու Համլետի հարաբերությունները վատացել են: Գոհարն ասել է, թե չի հանդուրժի ընկերոջ դավաճանությունը:
Նա Համլետից պահանջել է վերադարձնել պարտքը:
Բայց, ըստ Գոհարի, Համլետը տարբեր պատճառաբանություններով խուսափել է հանդիպումներից, պարտքը նա մինչև օրս չի վերադարձրել:
2014 թվականի փետրվարի 3-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Գոհարը տաքսիով տուն գնալու ճանապարհին պատահաբար տեսել է Համլետի մեքենան: Տաքսու վարորդին խնդրել է հետևել այդ մեքենային: Ցանկացել է Համլետին դեմ առ դեմ հանդիպել ու պահանջել իր գումարները:
