«Մենակ, թե Տիգրանը փրկվի».հուզված կրկնում էր դպրոցի տնօրենը
Երեկ դանակահարված վիճակում Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Գեորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի 12-որդ դասարանցի` Տիգրան Գեւորգյանը: 17-ամյա աշակերտը վնասվածքը ստացել է դպրոցի բակում` ձախ կրծքավանդակի մասում` սուր կտրող-ծակող առարկայից: Թե ինչն է եղել 17-ամյա պատանուն դանակահարելու պատճառը, պարզում են ոստիկանության Լոռու մարզային Բազումի բաժնի եւ Լոռու մարզի քննչական վարչության քննիչները: Իսկ, մինչ այդ, Fnews.am-ը կապվեց դպրոցի տնօրեն տիկին Հովսեփյանի հետ պարզելու կատարվածի վերաբերյալ, ով մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր հիվանդանոցում եւ բավական հուզված վիճակում խոսակցության ընթացքում անընդհատ կրկնում էր."Մենակ, թե Տիգրանը փրկվի": Ապա անդրադառնալով կատարվածի մանրամասներին տնօրենը հավելեց.
- Դեպքը տեղի ունեցել դասերից հետո` դասամիջոցին, դեպքի պատճառը դրսից եկած անծանոթ տղաների մի մեծ խումբն է, ըստ ականատեսների բավական տարիքով: Տիգրանը շատ խելոք, լավ երեխա էր:
- Ճանաչո՞ւմ եք, գիտեք ովքեր էինք դրսից եկածները:
-Որ ճանաչեի վաղուց էի դրանց դատաստանը տեսել իմ ձեռքերով, դրսից մարդիկ էին եկել, չգիտեմ ինչի համար: Այժմ դրանով զբաղվում է ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որեւէ մեկը դեռեւս հստակ ոչինչ չի կարող ասել: Էդ էրեխու կյանքը հիմա մազից է կախված, բերանս չի բացվում, որ խոսեմ: Ես միայն մի բան կարող եմ ասել, էդ էրեխեն շատ նորմալ, հրաշալի անշառ աշակերտ էր: Դրսից եկել էին իր դասընկերներին ծեծելու, ինքն էլ ուզեցել է մեկին պաշտպանել, իր հետ որեւէ կապ չունի, իր անունը ոչ մի տեղ չի շահարկվում:
-Այսինքն դասընկերների՞ն էր պաշտպանում:
- Դրսից տղաներ են եկել, սկսվել է կռիվ, որը տեւել է բառացիորեն երկու րոպե: Երկու րոպեի ընթացքում դանակահարել են, ապա գետի վրայի կամուրջով փախել: Կանգնած են եղել ուսմասվարը, ուսուցիչները, ովքեր կռվողներին բաժանելուց են եղել, հենց այդ ընթացքում հետեից էդ էրեխուն դանակահարել են:
- Միայն Տիգրան է՞ վնասվածք ստացել:
- Իհարկե ոչ, մյուսներին էլ ծեծել-ջարդել են, էն մեկի բերանն է ուռած, մյուսի մեջքն է վնասվել, դեռեւս ոստիկանությունում են նրանք շատ մանրամասներ չգիտեմ մյուսների վնասվելու մասին, ուշքս միտքս հիմա Տիգրան է, մենակ, թե փրկվի:
Տաթեւիկ Աբրահամյան
