«Մենք Ադրբեջանի հետ կունենանք անընդմեջ բանակցություններ, եւ չեն լինի ռազմական գործողությունները» (Video)
Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2011 թվականին եւ երկու տարուց հետո մենք նորից հանդիպում ենք ունենում, իսկ այդ երկու տարիների ընթացքում դեպքեր ու զարգացումներ եղել են` օրինակ Ռամիլ Սաֆարովի դեպքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվելիք հանդիպման մասին: «Առաջին անգամ այդ դեպքերը գուցե քննարկվեն նախագահական մակարդակով: Փաստացի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Սկզբում կարծիքներ կային, որ հանդիպումը տեղի կունենա Վիլնյուսում, բայց այս դեպքում էլ զգայուն խնդիրներ են առաջ գալիս: Քանի որ Հայաստանը գնում է Մաքսային միություն, որոշվեց հանդիպումն անց կացնել այլ հարթակում, թե որտեղ` շուտով կիմանանք»,- ասաց Մինասյանը եւ հավելեց, որ նախագահների հանդիպումը կարեւոր է, սակայն հանդիպումից Մինսկի խմբի համանախագահներն առանձնապես սպասումներ չունեն: Մինասյանի խոսքով` կարոեւություն ներկայացնում է, այնքանով, որ երկու տարի հետո նորից հանդիպելու են, իսկ այդ ընթացքում շատ բաներ են փոխվել: Եվ սա հնարավություն կտա շարունակելու այս բանակցային գործընթացը, որը շարունակվում է արդեն երկու տասնամյակ` բանակցություններ, բանակցությունների համար: Անդրադառնալով Պուտինի այցին քաղաքագետը նշեց. «Դա կարող էր նշանակել, որ Ռուսաստանն աջակցում է մեր այն ցանկությանը, որ հայտնել ենք` մենք ուզում ենք անդամակցել Մաքսային միությանը: Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ այն ինչ Ադրբեջանը գնում է նույն Ռուսաստանից շուկայական գներով, Հայաստանը անվճար կամ ոչ շուկայական գներով է ձեռք բերում Ռուսաստանի օժանդակությամբ»: Սերգեյ Մինասյանի խոսքով մենք Ադրբեջանի հետ կունենանք անընդմեջ բանակցություններ, եւ չեն լինի ռազմական գործողությունները:
Զառա Ղազարյան
