Մենք այն կուսակցությունն ենք, որ առնվազն ութ հոգի ունենք, որ կարող է նախագահ լինել. Հրանտ Մարգարյան
Այսօրվա Սահմանադրությամբ հաջորդ նախագահն ով էլ որ լինի, եթե նույն կուսակցությունից չէ, ու մեծամասնություն չունի ԱԺ-ում, շատ տկար վիճակում կհայտնվի: Եվ վարչապետը կունենա բավականին մեծ լիազորություններ և իշխանություն: Այսօր Սաթիկ Սեյրանյանի ‹‹Ռէվոլուցիա›› հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մարգարյանի կարծիքով այդ վիճակից երկիրը չի շահի, և կկանգնի փակուղու առջև: ‹‹Եթե մենք զուտ նայում ենք այն տեսանկյունից, որ վարչապետ լինելով մարդ կարող է իր իշխանությունը վերականգնել, փաստորեն կարող է››,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Խոսելով Դաշնակցություն կուսակցության պատրաստվածությունից ու կարողություններից, Մարգարյանը նշեց, որ իրենց կուսակցությունն ամենաշատ թեկնածուներն ունի նախագահական աթոռի համար: ‹‹Մենք այն կուսակցությունն ենք, որ առնվազն ութ հոգի ունենք, որ կարող է նախագահ լինել: Նրանցից ոչ ոք նման հնարավորություն չունի: Իրենք կառույց չունեն, հեռանկար չունեն Հայաստանի համար, իրենք իրենց թեկնածուն են միայն ուզում, որ նախագահ դառնա (նկատի ունի ՀԱԿ-ին և մյուս ընդիմադիրներին): Նրանց նպատակն այն չէ, որ ստեղծեն մեկին, ով կփրկի աշխարհը: Նրանք ութ տարի ասել են՝ անհապաղ իշխանափոխություն: Լավ ութ տարին արդեն վերջանում է, և իշխանափոխություն տեղի չունեցավ››,-ասաց Հրանտ Մարգարյանը:
Դաշնակցության ներկայացուցիչը նաև անդրադարձավ իրենց կուսակցության առաջարկած 7 կետերին, և նշեց, որ երբեք չի բացառել կոալիցիան, և, եթե որևէ մեկն ընդունի իրենց առաջարկած բոլոր 7 կետերը, ապա նրանք կհամագործակցեն այդ ուժի հետ: ‹‹Մենք 7 տարի է կոալիցիայի մեջ չենք: Յոթ տարի է մեզ ասում էին, քանի դեռ դուք չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն դուք ընդդիմություն չեք: Արդյունքում այդ մարդիկ սուտ դուրս եկան, քանի որ մենք կոալիցիա չկազմեցինք: Մենք յոթ օրակարգային կետ ենք դրել, ով ընդունի կհամագործակցենք: Դրանցից երեք կետն այս սահմանադրությամբ լուծվում են: Բայց 4 կետը դեռ մնում է››,-ընդգծեց նա:
