Մենք միշտ էլ կանգնած ենք լինելու մեր հայ զինվորի, մայրերի ու հայրենիքի կողքին.Խաչատուր Բիջոյան
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին: Վարչապետը նշել էր, որ բացի Մայր Հայաստանից այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին: Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում Ջավախքի և ջավախահայության ունեցած ներդրումը: Նա շնորհակալություն էր հայտնել Տաճատ Վարդապետյանին՝ Արցախի հետ ջավախահայության կապի ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանն էլ նշել է, որ ապրիլյան առաջին իսկ օրերին հանդես է եկել Արցախին սատար կանգնելու կոչով, որին անմիջապես արձագանքել են Ռուսաստանի Դաշնությունում ապրող մի խումբ ջավախահայեր: Հանդիպմանը Տ. Վարդապետյանը տեղեկացրել էր նաեւ, որ ՌԴ –ի Իրկուտսկ քաղաքում բնակվող, ծնունդով՝ Ջավախքից, Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակի համար ձեռք բերված «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների մասին: Հանդիպումից անմիջապես հետո Տաճատ Վարդապետյանը «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների բանալիներն անձամբ հանձնել էր ԼՂՀ ՊԲ ներկայացուցչին:
Ի դեպ, այս օրերին ջավախահայության ներկայացուցիչներից շատերը Հայաստանում են գտնվում, ովքեր փորձել են տեղում գտնվելով հասկանալ, թե ինչ է կատարավում իրենց հայրենի հողում: Հայաստան այցելածների թվում էր նաեւ Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Խաչատուր Բիջոյանը (ի դեպ Արցախ ուղարկված շտապ օգնության մեքենաներից մեկն էլ տեղ էր հասել վերջինիս նախաձեռնությամբ),ով մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանը՝ հայրենիքը, իր համար է օդ է ջուր է, մի ամբողոջություն, եւ որ դժվար է այլ բառեր գտնելու բնորոշելու թե ինչ է իր համար հայրենի հող ասվածը:
Խաչատուր Բիջոյանը իր խոսքում նշեց նաեւ, որ.«Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եւ թե ինչ խաղաքարեր կփոխվեն արտաքին աշխարհում, միեւնույնն է, հայերը կանգնած են լինելու իրենց հայրենքի հայ զինվորի, ու հայ մայրերի կողքին: Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել, ու մեր կամքը կոտրել: Ինչքան էլ որ այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ հնչեն, կապ չունի մեր ազգը միասնական է, համախմբված ու դուխով: Մեր դուխը ոչ ոք չի կարող խլել մեզանից: ԵՒ մենք բոլորս էլ, աշխարհի որ անկյունում էլ գտնվենք, մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու ենք մեր պետության, մեր երկրի սահմանները անառիկ պահելու համար »:
Զրույցի ընթացքում տեղեկացանք նաեւ, որ ընդհանուր առմամաբ Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքում հայերը բավականին ակտիվ ու նախաձեռնող են: Ու ամեն ինչ անում են համայնքում հայկական արժքեները պահպանելու ու մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու համար:
Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:
