Մենք տեսնում ենք, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նկատեց, որ որոշ փորձագետներ տագնապ են բարձրացնում, որ կան որոշակի խնդիրեր, մյուսները համարում են, որ խնդիրների մասին խոսակցությունն ավելորդ աղմուկ է: Ինչ վերաբերում է տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, ապա Աղասի Ենոքյանն ասաց. «ՀՀ պաշտպանական գիծն անցնում է այդ տարածքներով, միակ մարտի պատրաստ գիծը դա է, դրանից հետո չունենք պաշտպանական գծեր, եթե զիջում ենք, դառնում ենք մերկացած մինչև Երևան»:
Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի կառավարման համակարգում կան խնդիրներ: «Մենք տեսնում ենք, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց»,-ասաց նա և նկատեց, որ ներկայումս չի խոսվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:
Ըստ Աղասի Ենոքյանի՝ վտանգավոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մեկ վեկտորային է դարձել: «Եղած փաստաթղթավորված հիմքի փոխարեն ունենք վերելակում ունեցած հանդիպումներ: Այս ընթացում Ադրբեջանը լրջագույն պաշտպանական շինություններ է ստեղծում և պատրաստվում է պատերազմի»,-ասաց նա:
Քաղաքագետն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն միջազգային հանդիպումից առաջ գնում է Մոսկվա «կոնսուլտացիաների», և այս կառավարության ծրագրում «զադնի տալը», նոր մոտեցումները արձանագրված չեն:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Ալիևի և Փաշինյանի միջև բանակցային հանդիպումներ չեն եղել: «Մեծ հաշվով Հայաստանը հայտարարել է, որ Արցախը ևս պետք է լինի բանակցային կողմ, ինչը բավականին բարդ է կյանքի կոչել և, կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն այս նախաձեռնությունը մինչև վերջ չեն կարողանալու տանել, քանի որ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցությունների չի գա, և բանակցությունները կարող են տապալվել»,-ասաց նա և նկատեց, որ ամեն դեպքում Մինսկի խմբի համանախագահները, երբ այցելում են տարածաշրջան, այցելում են Արցախ:
