Մեր երկրում գրանցված 67 կին թմրամոլ կա
2014 թվականի հունվար ամսվա դրությամբ մեր երկրում հաշվառված է 4922 թմրամիջոց գործածող անձ։ Նրանցից 67-ը կանայք են։ «Թմրամոլների 70 տոկոսը 28-ից 49 տարեկաններն են»,-հայտնել է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանը։
Անդրադառնալով բուժհաստատություններին, նա նշել է, որ դրանք այլևս չեն կրում խորհրդային շրջանի բացասական երևույթները, մասնավորապես՝ հիվանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, և պատշաճ կերպով իրականացվում է
նրանց բուժումը։ «Սակայն վերջնական բուժում մեծամասամբ չի կարող լինել, քանի որ սա խրոնիկ հիվանդություն է, և մարդիկ լավանում են, բայց ոչ լիարժեք բուժվում»,-նշել է պարոն Նազինյանը։ Նա նաև շեշտել է, որ շատ թմրամոլներ թաքնված են և ոստիկանությունից, և բուժհաստատություններից։ Հատկանշական է, որ մարդկանց թմրամոլության դրդող պատճառներից ամենատարածվածն անձնական կյանքն է, հետո միայն՝ սոցիալականը։
2009 թվականից մեր երկրում կիրառվում է մեթադոնային բուժումը, որն՝ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլների մոնիտորինգի կենտրոնի ղեկավարի խոսքով՝ ափիոնատիպ նյութերից բուժման ամենաարդյունավետ միջոցն է։ Տվյալ անձը մեթադոնի ազդեցությամբ արդեն հակում չի ունենում թմրանյութ գործածելու և ապրում է նորմալ կյանքով։
Հոգեբան Լիլիթ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել է, որ թմրամոլների որոշ մասի բուժումը կարող է հաջող ընթանա հոգեբանի մոտ հաճախելուց։ Վստահեցնում է. «Անլուծելի խնդիր չկա, կարևորը մոտիվացիան է»։ Երիտասարդների շրջանում թմրամոլության տարածվածության հիմնական պատճառ է համարվում զբաղվածության պակասը։
