«Մեր եղբայրն ես, Հրա՛նտ». քրդամետ կուսակցությունների երթը՝ նվիրված Դինքի մահվան տարելիցին
Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության Շիշլիի մասնաճյուղը պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ է կազմակերպել, տեղեկացնում է «Ակօս»-ը:
Նրանք պնդել են, որ օրեր առաջ ձերբակալված Ջիզրեի ոստիկանապետը կապ ունի Դինքի սպանության հետ, և նշել են, որ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի և տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են:
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել «Էրգենեկոնի» փողոցը Հրանտ Դինքի անունով կոչելու համար: Նրանք նաև փողոցում «Հրանտ Դինքի փողոց» գրությունն են փակցրել:
Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության մեկնարկի օրը համարվող ապրիլի 24-ը:
«Առերեսվե՛ք Հրանտի հետ, Ցեղասպանությանը» պաստառը պարզած մոտ 50 մարդ քայլերթի ընթացքում տարբեր կարգախոսներով է հանդես եկել՝ մասնավորապես՝ «Քուրդ, թուրք, հայ. կեցցե՛ ազգերի եղբայրությունը», «Մեր եղբայրն ես, Հրա՛նտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և այլն:
