ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՐՁՐ Է ԵՂԵԼ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ.Iravunk.com
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ով ամենածանր պահին կարողանում էր պաշտպանել Շուշին, գնահատեց հայտնի փաստաթուղթը՝ նշելով.
- Իմ տեսանկյունից այդ փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է: Բայց ճարահատյալ փաստաթուղթ է, որքանով ես տեղյակ եմ: Գլխավոր շտաբի պետը եւս ասում է, որ իրենց առաջարկությամբ են այդ փաստաթուղթը ստորագրել: Ես գտնում եմ, որ գլխավոր շտաբի առաջարկությունը պատերազմը կանգնեցնելու առումով ճիշտ էր, բայց նման փաստաթղթի ստորագրումն անհրաժեշտ էր ազգային հարթության մեջ բոլոր պետական, իրավական ոլորտների քննարկումների, գնահատականների արդյունքում որոշվեր:
- Կարո՞ղ էինք կանխել այդ փաստաթղթի ստորագրումը, պարոն Օհանյան:
- Կարող էինք կանխել, թե` ոչ, դա կարող է ասել միայն պետության ղեկավարը, ով պատասխանատվությունն ամբողջությամբ ինքն է կրում: Ինքը նախեւառաջ պետք է հիմնավորված պատասխան տա առաջին հերթին ժողովրդին, որ ժողովուրդը վստահ լինի, թե որքանո՞վ է հիմնավոր նման փաստաթղթի իրավական եւ բարոյական ստորագրման հիմքը: Միեւնույն ժամանակ նման դժվար իրավիճակներից դուրս գալու ելքը պետական կառավարման համակարգում չափից ճշգրիտ, պլանավորված աշխատանքը պետք է լինի: ՀՀ-ի ներսում, նաեւ միջազգային ասպարեզում:
- Պարոն Օհանյան, Դուք մինչեւ վերջ եղել եք մեր զինվորների կողքին: Ինչպիսի՞ն էր մեր զինվորների մարտական ոգին, պատրաստ էի՞ն մինչեւ վերջ գնալուն:
- Մեր զինվորների մարտական ոգին միշտ էլ բարձր է եղել, մեր հրամանատարական կազմը մարտական պատրաստվածություն, դաստիարակություն է ձեւավորել էր նրանց մեջ: Այդ ամենը դրսեւորվել է նրանց կատարած սխրագործություններով, նրանց կատարած հերոսություններով, որի մասին տեղյակ է ողջ հասարակությունը: Պատերազմն ունի նաեւ իր առանձնահատկությունները, զրկանքները եւ դաժանությունները: Իսկ պատերազմի դաժանություններին ոչ բոլորն են դիմանում, եւ եղել են վախի, փախուստի որոշ դեպքեր: Իսկ, ընդհանուր առմամբ, մեր հրամանատարների եւ զինվորների վճռականությունը միշտ էլ եղել է բարձր, եւ նրանք միշտ էլ պատրաստ են եղել իրենց առջեւ դրված խնդիրները կատարել, կանգնել մինչեւ վերջ:
