Մեր զոհված ընկերները և մեր օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում խոնարհվելով իրենց պարտքը փառքով կատարած զոհված օդաչուների պայծառ հիշատակի առջև, ՀՀ ՊՆ ողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն հայտնեց նրանց հարազատներին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև հատուկ գործողության մասնակիցներին և գործողությունը մշակողներին ու իրականացման օժանդակողներին. «Այդ նրանք էին, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումների արդյունքներին՝ իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասում և միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրեցին Արցախի երկնքի պահապաններին: Նրանք էին, որ ևս մեկ անգամ և այնքան փայլուն կերպով վերահաստատեցին նենգության, պարտված զավթչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը:
Մեր զոհված ընկերները և մեր օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից, այսուհետ մենք մեր գործունեությամբ այնպես պետք է անենք, որ ամեն ինչ կատարվի բարձր մակարդակով և նրանց փոխարեն և նրանց հետ միասին ապահովենք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա զարգացումը»,- ասաց Նախարարը՝ հավելելով, որ ընդամենը 5 օր առաջ, երբ «Եռաբլուր»-ի սրբազան բարձունքում ամփոփվում էր Հայաստանի առաջին հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, պարզ էր, որ մենք հաստատակամ էինք հայրենիք վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի ազատության ճանապարհին, այդ թվում՝ առաջին հերթին նաև ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր 3 օդաչուների աճյուններին:
Նախարարը նշեց, որ 2014թ. Հայաստանի և հայկական բանակի համար դժվարին տարի է եղել:
