Մեղադրող դատախազը Վարդան Պետրոսյանի համար 6.5 տարվա ազատազրկում պահանջեց
Փաստինֆոն գրում է. Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցած մեղադրական ճառով դատարանից պահանջեց Վարդան Պետրոսյանին 6.5 տարվա ազատազրկման դատապարտել և 3 տարով զրկել վարորդական իրավունքից:
Դատախազը նշեց, որ նման պատժի համար հիմք է ընդունել մի շարք հանգամանքներ, մասնավորապես` Վարդան Պետրոսյանը վթարի պահին խոսել է հեռախոսով, մեքենայի արագությունը գերազանցել է 71կմ/ժ-ը, որ մեքենաների բախումը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասից դուրս` կողնակում:
Արթուր Սարգսյանը նշեց նաև, որ Վարդան Պետրոսյանը նկատել է, որ «Նիվա»-ի հետընթացի լույսերը միացած են եղել, սակայն շարունակել է նույն արագությամբ ընթանալ:
Իսկ պատիժը նշանակելիս դատախազը խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ բացի երկու 16 տարեկան տղաների մահվանից Վարդան Պետրոսյանը վնաս է հասցրել ևս չորս անձանց առողջությանը:
