Մեղադրողը միջնորդեց տատին սպանելու մեջ մեղադրվող թոռանը դատապարտել 23 տարվա ազատազրկման
Գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրողն այսօր միջնորդեց սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման:
Մեղադրողը նշեց, որ մեղադրանքը հիմնավորված է և ճիշտ է որակված: Գործարարի թոռանը՝ Ալբերտ Մոմջյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով գողությունը, և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ այլ հանցանքը թաքցնելու համար սպանություն:
Ըստ մեղադրանքի, Ալբերտ Մոմջյանը՝ ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու նրան դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով կնոջ դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Մեղադրողն ընդգծեց, որ ամբաստանյալը տվել է խեղաթյուրող ցուցմունքներ՝ հայտարարելով, որ տատի գիտությամբ է վերջինիս ոսկեղենը գրավադրել և որ տատին սպանելու դիտավորություն չի ունեցել, քաշքշուկի ընթացքում հրել է տատին, նա էլ ընկնելիս ծոծրակին հարված է ստացել ու մահացել, այսինքն՝ փորձ է արվում արարքը համապատասխանեցնել մեկ այլ՝ 109-րդ հոդվածի հատկանիշներին՝ անզգուշությամբ մահ պատճառելը:
մանրամասն՝pastinfo.am-ում
