Մեղադրյալն ու տուժողն ասում են՝ չի ցանկացել սպանել, քննիչն ասում է՝ դուք չգիտեք, ցանկացել է
Վաղինակ Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ: Մեղադրյալի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ արարքը ճիշտ չէ որակվել. մեղադրանքը պետք է առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը:
Ըստ նախաքննական մարմնի, Վաղինակ Հովհաննիսյանը իր կնոջը փորձել է սպանել, միջամտել է նրա հայրը և նրա կամքից անկախ հանգամանքներում սպանությունն ավարտին չի հասցվել: Մինչդեռ, ըստ պաշտպանի, գործի փաստական տվյալները խոսում են այլ հանցակազմի մասին. Վաղինակի կինը՝ գործով տուժող Մարինեն, ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, այսինքն՝ ըստ էության քերծվածք է եղել, քաշքշուկի ընթացքում, որը որևէ մեկը չի հերքում: Իսկ կնոջ հորը, ով միջամտել է քաշքշուկին, պատճառվել է թեթև վնաս:
Վաղինակը ամուսնացած է, կնոջ հետ համատեղ ամուսնական կյանքում ունեն մեկ երեխա: Ամուսինների միջև ստեղծվել են իրար չհասկանալու որոշակի հարաբերություններ, կինը հեռացել է տնից և երեխայի հետ բնակություն հաստատել իր հայրական տանը:
Վաղինակն անընդհատ փորձել է հաշտվել կնոջ հետ՝ ասելով, որ սիրում է նրան ու չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից: Կինը, սակայն, ամիսներ անց ամուսնալուծության հայցադիմում է ներկայացնել Արմավիրի մարզի դատարան, ինչի մասին տեղեկանալով՝ Վաղինակը մի քանի անգամ հանդիպել է կնոջը և միգուցե նաև բարկացած խնդրել նրան հայցադիմումը հետ վերցնել:
Վաղինակի մոտ հուզական վիճակ է առաջացել այն բանից հետո, երբ իմացել է, որ հակառակ իր հորդորներին՝ կինը գնացել է դատական նիստին, առաջացել է քաշքշուկ ամուսինների միջև, որից հետո ամուսինը թողել է ու հեռացել:
Որոշ ժամանակ անց նա իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել ոստիկանություն: Ընդ որում, Վաղինակի հարազատներին տեղյակ չէին պահել, թե նա որտեղ է գտնվում: Վաղինակից ցուցմունք են վերցրել, նա ընդունել է, որ խփել է կնոջը, մեղավոր է ճանաչել իրեն՝ չհասկանալով, թե ինչ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներգրավվելուց հետո մեղադրյալը հայտարարել է, որ ինքը քրեաիրավական որակումը չի հասկանում, քանի որ իրավաբան չէ: Նա տարակուսանք է հայտնել՝ «Ինչպե՞ս կարող էի սպանել, ես սիրում եմ իմ կնոջը, ես չեմ հասկացել իմ հետ ինչ կատարվեց այն պահին, երբ իմացա, որ նա գնացել է դատարան»:
մանրամասն՝ այստեղ;
