«Մեզ խաբում են, մենք վստահ ենք, որ օդ ենք վառում, գազի ճնշում չկա»
Այսօր նորից քաղաքացինների քննարկման թիվ մեկ թեման դեկտեմբերին սպառած գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների հետ է կապված:
«Նոյեմբերին, մինչև կարողացանք խնայել գազը` օգտագործելով 250 խմ գազ: Նույնչափ էլ դեկտեմբերին ենք վառել, բայց չգիտեմ ինչու` 18 հազար ավելի պիտի վճարեմ: Երեկ եմ իմացել, զարմացած եմ»,-ասաց քաղաքացի Ա.Մ-ն: Եթե նոյեմբեր-դեկտեմբերի ջերմաստիճանը նույնն է եղել, ես էլ նոյեմբերի չափով եմ ծախսել` ոչ ավել, ոչ պակաս, ուրեմն ի՞նչն է պատճառը, որ հաշվիչների տվյալները տարբեր են»,- ասաց քաղաքացին:
Ոմանք էլ մեզ հետ զրույցում պնդում էին. «Ինչքան բարձրացնում եմ ճնշումը, փոփոխություն չկա, էլի դժվարությամբ է տաքանում մի փոքր կաթսա ջուրը»,- գանգատվեց քաղաքացիներից մեկը, ում կարծիքով այդ հանգամանքը կապված է գազի ցածր որակի հետ, ինչն ավելացնում է սպառման ծավալը:
Շատերն էլ հնարավորություն չունենալով` «գիշերները ցրտից սառել են, բայց գազ ու հոսանք համարյա թե չեն վառել». «Անվառել չենք կարողանում ծախսերի տակից դուրս գալ, ո՞ւր մնաց` վառեինք»,- ասաց թոշակառու մի կին:
«Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն էլ,Fnews.am-ի հետ զրույցում` անդրադառնալով սպառողների դժգոհություններին, վստահեցրեց, որ առկա ծախսերի տարբերությունն, առաջին հերթին, պայմանավորված է եղանակային պայմաններով. «Հասկանալի է, որ նոյեմբեր ամիսն ավելի տաք է եղել, քան դեկտեմբերը, և բնականաբար, դեկտեմբերին ավելի շատ պիտի սպառեին: Նոյեմբերին և դեկտեմբերին սպառած գազի ծավալը չի կարող համեմատական լինել դեկտեմբեր ամսվա գազի սպառած ծավալներին: Ինչ վերաբերում է դժգոհություններին, կարծես թե արդեն օրինաչափ է դարձել, որ այն` կապված ջեռուցման սեզոնի վերսկսման հետ, երբ մարդիկ գնում են կոմունալ վճարները վճարելու, մշտապես այս կարգի դժգոհություններ լինում են: Բայց էլի ենք պնդում, որ ցուցմունքները խիստ համապատասխան են սպառած գազի ծավալներին»,- ասաց Սարդարյանը:
Ի դեպ քաղաքցաիներից շատերը մեզ հետ զրույցում առաջարկեցին բողոքի ակցաներ անել և պահանջել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հրաժարականը: «Մեզ խաբում են, մենք վստահ ենք, որ օդ ենք վառում, գազին ճնշում չկա, որ ճնշում լիներ գոնե կտանայինք»:
